Հիասթափություն էս ասպարեզում շատ ա եղել: Փառք Աստծո, մինչև օրս ես չեմ կոտրվել, նույնիսկ ավելին՝ իմունիտետ եմ ձեռք բերել:
Կյանքում ամեն ինչ սկսվում ա մարդու ցանկությունից. 12 տարեկանից ես զբաղվում էի երաժշտությամբ. հետո ուղղակի ցանկացա իմ տեղն ունենալ էդ ասպարեզում:
13 տարի առաջ ես տան պայմաններում տեքստեր էի գրում, ինքս ինձ ձայնագրում: Ինձ պետք էր մարդ, ով կհասկանար ինձ. ես ծանոթացա Միշոյի հետ:
Ապրելու համար նպատակ ա պետք: Ես չեմ հասկանում անիմաստ ու զուտ ապրելու համար ապրող մարդկանց:
Ռեփից բացի չկա ուրիշ ալտերնատիվ երաժշտական ոճ, որով ես կկարողանամ առավելագույնս ստեղծագործել, արտահայտվել ու պարզապես լիցքաթափվել:
Արտիստի համար լավ արվեստ ստեղծելու ամենաբարենպաստ պայմանն անբարենպաստ իրականությունն ա:
Հայաստանում պետք ա նորմայից մի քիչ ավելի խելացի լինես, որ կարողանաս գոյատևել:
Իմ երաժշտությունը կարող ա նաև կոմերցիոն գործիք լինել: Ես նույնն եմ անում, ինչ 10 տարի առաջ, բայց արդեն երկար ժամանակ ա՝ սիրածս գործով ես փող եմ աշխատում:
Սխալներ անելը պարտադիր բան ա: Էն մարդը, ով սխալ չի անում, չնայած էդպիսի մարդ չկա, ոչ մի բան էլ կյանքից չի հասկանում:
Կյանքի նկատմամբ ես իմունիտետ ունեմ. ինձ հանդիպած փորձություններն ու դժվարություններն են դա ձևավորել:
Ով ես երկրում լոքշ ա ու պարապ ա, անիմաստ սկսում ա զբաղվել քաղաքականությամբ:
Ես ռեփը հստակ տարանջատում եմ մյուս ժանրերից: Երգերս լսելով՝ ցանկացածը կհասկանա տարիքային իմ ապրումները, ժամանակի ընթացում մտածելակերպիս փոփոխությունն ու հասունացմանս բնական զարգացումը:
Արածս ոչ մի սխալի համար ես չեմ փոշմանում, ես ուղղակի միշտ առաջ եմ նայում:
Հայկական ռեփի հիմնադիրը «Հայ տղեքն» են եղել. դա անհերքելի ա:
Մարդ պիտի երազանք ունենա, ինչը կվերածի ցանկության, հետո դա նպատակի ու դրա իրականացմանն էլ պիտի ձգտի. էս ա կյանքը:
Հետաքրքիր ա՝ սկզբում ես ռոք էի լսում, հետո ռոքը սկսեց չհերիքել, չբավարարել ինձ: Իմ տեսակն ու զգացմունքները ես գտա ու արտացոլեցի ռեփում: Ինձ համար ռոքի մեջ խոսքը քիչ ա: Ռոքային էներգետիկային ես գումարեցի ժամանակակից պոեզիա:
Եթե աշխարհի վերջ լինի, վերջին կներեսը կասեմ երեխուս ու կնոջս, ում հետ, ցավոք, քիչ եմ ժամանակ անցկացնում, չնայած որքան էլ որ անցկացնեմ, էլի քիչ ա:
Փոփ երաժշտության մեջ կա մի պատ, որ չի թողնում զգացմուներդ ցույց տալ: Լսողն էլ չի հասկանում, թե երգիչն ինչ ա էդ պահին ապրում: Կան մարդիկ, ում լսելուց երբեք չես իմանա՝ էդ մարդը լավ ա, թե վատ, տխուր ա, թե ուրախ, մաքսիմում հասկանում ես երգի հեղինակւ տրամադրությունը:
Հիմար ա էն մարդը, ով սխալվելուց չի գիտակցում, որ սխալ ա արել ու իր սխալը բարդում ա ուրիշների վրա: Հենց օրինակ հայերը սիրում են ամեն ինչում մեղադրել Սերժ Սարգսյանին:
«Մութ ու ցուրտ» տարիները կոփել ու շատ բան են ինձ տվել: էդ ծանր պայմաններում ես սովորեցի ապրուստ հայթայթել, գոյատևել ու ընտանիք պահել:
Ես ու Միշոն էն դեպքի մասնավոր օրինակն ենք, երբ մարդիկ ոչ մի ձև չեն կարող միասին նույն գծով գնալ: Ամբիցիոզ մարդիկ իրար հետ «յոլա» չեն գնում:
Ինձ երբեք պետք չի լինի էն համբավը, որը ես ձեռք կարող եմ ձեռք բերել որպես սերիալի դերասան:
Մեր կյանքը մեխանիզմ ա տոտալիտար, որտեղ մեզ փոքրուց սրսկում են լինել խելոք գառ:
Փոքր ժամանակ բասկետբոլով էի զբաղվում: Երազում էի NBA-ում խաղալ:
Կենդանիներ շատ եմ սիրում: Երկու շուն եմ ունեցել՝ Բրունոն ու Բրունան: Փոքր ժամանակ ոզնի էլ ունեի: Հարևաններից մեկը մի օր խնդրեց ոզնուս իրեն տամ, որ օձ բռնի: Կես ժամ հետո ծուխ տեսա. ոզնուս խորովել էր
Շրջապատում այսօր մեծամասնությունը չունի սեփական կամք ու վերլուծելու տարրական ունակություն: Մեկը ճտտացում ա, բոլորը վազում են ճտտացնողի հետևից, մեկը գոռում ա, վազում են գոռացողի հետևից. էս ա մեր երկրի վիճակը:
100 տարվա ռեփեր եմ, ինձ առաջարկում էին «Դժվար ապրուստի» գլխավոր դերը
Հիմա իմ կողքին էն մարդիկ են, ովքեր ինձ հետ են մինչև վերջ: Ես շատ մեծ ֆիլտրացիա եմ արել շրջապատումս:
Ռոնա Ահարոնյան /© NewsBox.am/