«Հայաստանում փողոցային խաղերը հիմա զարգացման փուլում են, ինչպես ռեփը: Ինքս երկար ժամանակ զբաղվել եմ բասկետբոլով, շատ եմ սիրում էդ սպորտաձևն ու նման միջոցառումների միջոցով ուզում եմ խթանել դրա առաջընթացին»,- «Ե՞ս Yes!»-ին ասաց ՀՏ Հայկոն և ավելացրեց, որ միտում կա միջոցառումն ամենամյա դարձնել:
Փողոցային խաղերն ուղեկցվել են հիփ-հոփ երաժտությամբ. ելույթ են ունեցել ՀՏ Հայկոն, Միշոն, Լուսինե Աղաբեկյանը, Դավիթ Բադալյանը, Սենչոն և այլք, միջոցառումը վարել է Գարիկը, իսկ դիջեյական վահանակի մոտ եղել են dj Ero Grand-ը, dj Drive-ն ու dj Viro-ն:
Պարզվում է մեր քաղաքացիներն այնքան պասիվ չեն, որքան այդ մասին խոսվում է. առաջնությանը մասնակցելու ցանկություն է ունեցել 78 թիմ, որում ընդգրկված են եղել տարբեր տարիքի ու սեռի պրոֆեսիոնալ և ոչ պրոֆեսիոնալ բասկետբոլիստներ: Առաջնությանը մասնակցելու համար որևէ սահմանափակում չի դրվել. «Մասնակցել կարող էին բոլորը: Եզրափակչին ուժեղագույններն են հասնում, այնպես որ թույլ թիմեր ունենալու մտավախություն չունեինք: Եթե էդպիսիք եղել են, ապա պայքարից դուրս են մնացել առաջին կամ երկրորդ փուլում»,- նշեց Հայկոն, ով ոչ պրոֆեսիոնալ թիմերին էր երկրպագում:)
«Այսպիսի միջոցառումները համախմբում են երիտասարդներին: Բակերում քյառթու չգիտեմ ինչն ա իշխում ու փողոցային պարերով, երաժշտությամբ ու խաղերով զբաղվողները գուցե ամաչում են դա ցույց տալ: Ես բեմից նայում էի, ինչպես են երիտասարդները խմբերով պարում, խաղում… շատ հաճելի էր: Հենց իրենք՝ մասնակիցները կարող են նման միջոցառումներ կազմակերպել. օրինակ գնան այգի, երաժշտություն դնեն ու սկսեն պարել: Շատերը կհավաքվեն նրանց շուրջը, ու՞մ հետաքրքիր չի, երբ, օրինակ, բրեք-դանս են պարում»,- մեզ հետ կիսվեց Գարիկն ու հավելեց. «Գեղեցիկ հագնված, նորմալ դեմքերով երիտասարդներ են հավաքվել, ոչ ոք մտադրված չի կռիվ անելու: Երևի առաջին անգամն է, որ էսքան մարդ է հավաքվել, բայց ոչ մի կռիվ չեղավ: Դա նրանից է, որ սպորտին, պարերին մոտ կանգնած երիտասարդների դաստիարակությունն ու կուլտուրան ուրիշ է»:
Առաջնության լավագույն եռյակում հայտնվեցին «Գ.Ա.Գ», «Միշ-կո», «Վիտամին» թիմերը, համապատասխանաբար զբաղեցնելով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Նրանք ստացան գավաթներ, նվերներ միջոցառման հովանավորների կողմից և դրամական պարգև՝ 150, 100 և 75 հազար դրամի չափով: Ընտրվեցին նաև օրվա ամենաբարձրահասակ, ամենատարիքով ու լավագույն խաղացողները, ովքեր ևս մրցանակներ ստացան:
Պարզվում է հայ հայտնիները բավականին պարապած են ՀՏ Հայկոն մոտ տասը տարի զբաղվել է պրոֆեսիոնալ բասկետբոլով, թեև շատ է սիրում այս սպորտաձևը, բայց հիմա արդեն չի զբաղվում դրանով. «Ռեփով զբաղվելն արդեն սպորտ ա, ամբողջ օրը վազքի մեջ եմ»,- ասաց նա ու հավելեց, որ հիմա ժամանակը թույլ չի տալիս սպորտով զբաղվել:
Հումորիստ Գարիկը մեզ պատմեց, որ տարբեր սպորտաձևերով է զբաղվել. կարատեով, գիմնաստիկայով, թեթև ատլետիկայով, բասկետբոլով, լողով. «Շատ փոքր տարիքից եմ սկսել սպորտով զբաղվել: Սպորտով չեմ զբաղվում, որ առողջ ապրելակերպ վարեմ, դա իմ հոբբին է, ես այլ կերպ եմ ձևակերպում. սպորտով եմ զբաղվել, դրա համար առողջ եմ»,- ասաց Գարիկն, ով այժմ սնոուբորդով է զբաղվում:
Թեև dj Սերժոն միջոցառման ժամանակ դիջեյական վահանակի մոտ չէր լինելու, բայց Միշոյի հետ եկել էր առաջնությանը, քանի որ հետքրքրված է բասկետբոլով: Նա 14 տարեկանից զբաղվել է այս սպորտաձևով ու ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը. «Մինչև հիմա ամեն կիրակի հավաքվում ենք ու բասկետբոլ խաղում: Այստեղ խաղում են նաև ընկերներս, նախկին դասախոսներս, որոնց հետ էլ կիրակիները բասկետբոլ եմ խաղում»,- նշեց Սերժոն:
Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը խոստովանեց, որ բասկետբոլ այնքան էլ լավ չի խաղում, թեև ցանցի առկայության դեպքում փորձում է գնդակը միջով անցկացնել: Փոխարենը երգչուհին պրոֆեսիոնալ վազքով է զբաղվել՝ ետ չմնալով սպորտային կոլեգաներից:). «Դպրոցական տարիքում հաղթել եմ մի շարք վազքի մրցույթներում: Դեռ 1 տարի առաջ ամեն օր արթնանում էի առավոտյան 6-ին ու գնում վազելու: Ոչ ոք ինձ չէր ընկերակցում, բայց դա ինձ չէր խանգարում: Հետո մի օր ալարեցի, հաջորդ օրն էլ… ու էլ չգնացի…»:
Առաջնությանը հետևեց Ամալյա Հովհաննիսյանը /esYes.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /esYes.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /esYes.am/